Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում ոչնչացված հրաձիգը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից էր։ «Հանցագործի վրա պայթուցիկ սարքի մուլյաժով գոտի է եղել, նա զինված է եղել հրացանով»,- առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հավելել է նախարարը:
Երեկ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 15 մարդ տուժել է, ևս երկուսը մահացել են։ Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն: Հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:
Կրակոցները եղել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան: SITE Intelligence Group պորտալը, որը հետևում է համացանցում ահաբեկիչների գործունեությանը, հայտնել է Վիեննայում տեղի ունեցած հարձակումներին ջիհադիստների մասնակցության մասին: Կայքի տվյալներով՝ ջիհադիստները հայտարարում են, որ Վիեննայում հարձակումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ «ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայում Ավստրիայի մասնակցության համար վճարն է»:
Վիեննայի դպրոցներում երեքշաբթի չեղարկվել են բոլոր դասերը ահաբեկչության պատճառով: Երեխաները կարող են տանը մնալ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է երկուշաբթի Վիեննայում տեղի ունեցած կրակոցները: «Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է այս հարձակումները և հաստատում Ավստրիայի կառավարության ու ժողովրդի հետ ՄԱԿ-ի համերաշխությունը»,- նշվում է հաղորդագրությունում:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո վտանգ դեռևս կա: Կուրցը նշել է, որ իրավապահների հատուկ գործողությունը շարունակվում է և «ներկա պահին հնարավոր չէ վերադառնալ սովորական կյանքի»:
Նա նաև նշել է, որ ահաբեկիչների գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ, սակայն չի բացառվում նաև հակասեմականության շարժառիթը: Խոսելով ահաբեկիչների պատրաստվածության մասին՝ Կուրցը նկատել է, որ նրանք լավ զինված են, պրոֆեսիոնալ պատրաստված: «Սա միանշանակ ահաբեկչություն է»,- ասել է Կուրցը: Նա նաև հավելել է, որ հանցագործներից մեկը չեզոքացվել է, մյուսները փախուստի են մատնված: Վիեննայում ոստիկանությունը Գրաբեն կենտրոնական հրապարակում ձերբակալել է 4 ահաբեկչի: OE24 հեռուստաալիքը ուղիղ միացմամբ ցուցադրել է ձերբակալման կադրերը, երևում է, որ միանման հագնված ահաբեկիչները կանգնած են՝ ձեռքերը վեր պարզած: Գրաբեն հրապարակը գտնվում է սինագոգից ոչ հեռու: